ԼՂ-ի քաղաքացիական բնակչության հարկադիր տեղաշարժը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա Եվրամիության վճռական պատասխանին. Բորել

Աստղիկ Խաչատրյան 21.09.2023 - 20:58
21.09.2023 - 20:58 դիտում

Եվրոպական Միությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք հայտնում այդ էսկալացիայի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

«Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի համաձայնության ձեռքբերման մասին համապատասխան հայտարարությունները: Ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի ռեժիմի պահպանում։

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվար և հուլիս ամիսների վճիռների։ Մարդասիրական կազմակերպությունները պետք է ազատ գործելու հնարավորություն ունենան: ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։

ԵՄ-ն Բաքվին և Ղարաբաղի հայությանը կոչ է անում շտապ համապարփակ և թափանցիկ երկխոսություն սկսել:

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ նրանց առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը: Քաղաքացիական բնակչության հարկադիր տեղաշարժը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա Եվրամիության վճռական պատասխանին։

ԵՄ-ն պատրաստ է համապատասխան գործողություններ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր ոչ երկիմաստ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի:

ԵՄ-ն պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ կայունությունը, անվտանգություն և երկրում ժողովրդավարական բարեփոխումների շարունակությունն ապահովելու նպատակով: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակի մասին:

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված բոլոր չլուծված հարցերի շուրջ և շարունակում է լիովին հավատարիմ մնալ նման բանակցություններին աջակցելուն:

Եվրոպական միությունը շարունակում է լիովին հավատարիմ մնալ կողմերի միջև երկխոսության խթանմանը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, երկարաժամկետ խաղաղություն ապահովելու նպատակով՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասված է Բորելի հայտարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ