Իրանի Կենտրոնական նահանգի գործարարներից բաղկացած խումբը կգործուղվի Հայաստան

Աննա Կոստանյան 12.07.2021 - 17:00
12.07.2021 - 17:00 դիտում
Հուլիսի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ: Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ընդունել է նահանգապետ Սեյեդ Ալի Աղազադեն, որի հետ քննարկվել են ՀՀ-ԻԻՀ տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման խնդիրները և այդ համատեքստում կողմերի համապատասխան կառույցների ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները:
Կենտրոնական նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպված գործարար համաժողովի ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ տնտեսության և գործարար միջավայրի վիճակը, առևտրային և ներդրումային ծրագրերի իրականացման առավել բարենպաստ ուղղությունները և պատասխանել գործարարների բազմաթիվ հարցերին:
Համաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նահանգի գործարարներից բաղկացած խումբ գործուղել Հայաստան՝ տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունների քննարկման նպատակով:
Այցի ընթացքում ՀՀ դեսպանը եղել է նահանգի մի շարք ձեռնարկություններում:
Դեսպան Թումանյանը Կենտրոնական նահանգ կատարած այցի նպատակների և հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին հարցազրույց է տվել նահանգային ռադիոհեռուստատեսությանը (IRIB):
Օրվա ավարտին դեսպան Թումանյանն այցելել է Արաքի Սուրբ Մեսրոպ եկեղեցի և հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ