Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը: Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿԾ մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը:
Ավելի ուշ ՔԿԾ-ից տեղեկացրին, որ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980 թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026 թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։
ՔԿԾ-ից հայտնում են, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանը առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել էր Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով:
