Իրադարձություն, որը չեք ցանկանա բաց թողնել. «Astronomy»-ն անդրադարձել է Երևանում նախատեսված STARMUS 6-րդ փառատոնին

Աննա Կոստանյան 1.02.2021 - 17:32
1.02.2021 - 17:32 դիտում

Աստղագիտության ու տիեզերագնացության արդի հարցերը լուսաբանող հեղինակավոր «Astronomy» ամսագիրը, որն իր բովանդակային ուղղվածությամբ ամենատարածվածն ու ընթերցվողն է աշխարհում, 2020թ. դեկտեմբերի համարում հատուկ հոդված է նվիրել 2021 թվականին Հայաստանում անցկացվելիք Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:

Հոդվածում նշվում է, որ սեպտեմբերի 6-11-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կհավաքվեն համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղագետներ, արտիստներ՝ քննարկելու գիտության տարբեր ոլորտներում գրանցված վերջին բացահայտումներն ու հայտնագործությունները: STARMUS 6-րդ փառատոնը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ:

Փառատոնը Հայաստան բերելու նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է: Այդ գաղափարի մասին նախագահ Սարգսյանն առաջին անգամ խոսել էր 2019 թվականին Ցյուրիխում տեղի ունեցած՝ STARMUS-ի 5-րդ փառատոնին, որտեղ հրավիրվել էր հանդես գալու ողջույնի խոսքով:

2020 թվականի ամռանը պաշտոնապես հայտարարվեց փառատոնը Հայաստանում անցկացնելու որոշման մասին: Կարևորելով նմանօրինակ մեծ հեղինակություն ունեցող միջազգային փառատոնի անցկացումը Հայաստանում՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր, որ դրա շնորհիվ իր երկիրը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն, աշխարհահռչակ գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում իրենց հանդիպումներով և դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլև կոգևորեն տեղացի գիտնականներին ու երիտասարդությանը, իսկ փառատոնի նպատակներից մեկը հենց երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելն է:

«Astronomy» ամսագիրը պատմում է Հայաստանի ֆիզիկոս նախագահի՝ դեպի ապագան միտված, կրթության ու գիտության զարգացումը խթանող նախաձեռնության՝ ATOM-ի (Advanced Tomorrow) մասին: «Այն նպաստելու է երկրի կրթական ու տնտեսական զարգացմանը»,- նշում է ամսագիրը:

STARMUS 6-րդ փառատոնը նվիրված է լինելու «կարմիր մոլորակին»՝ Մարսին, քանի որ 2021 թվականին լրանում է խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի՝ Մարսին նվիրված առաքելությունների 50-ամյակը: Փառատոնին իրենց մասնակցությունն են հաստատել նոբելյան մրցանակակիրներ` հոգեբան և նյարդաբան Էդվարդ Մոզերը և աստղաֆիզիկոս Միշել Մայորը, տիեզերագնաց, «Ապոլոն-16» տիեզերանավով դեպի Լուսին թռիչք իրականացրած Չարլզ Դյուկը, «iPod-ի հայր» և Nest-ի հիմնադիր Թոնի Ֆադելը, CRISPR գենետիկ խմբագրման տեխնոլոգիայի համահեղինակ, նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպանտիեն:

«Հայաստանը մի երկիր է, որտեղ գիտական ավանդույթները հազարավոր տարիների պատմություն ունեն»,- նշում է «Astronomy» ամսագիրը՝ STARMUS-ի փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան այցելել պատրաստվող իր ընթերցողներին առաջարկելով մի շարք վայրեր, որոնք ուշագրավ են այցելության համար, այդ թվում՝ Քարահունջը, Սիսիանի պատմության թանգարանը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Բյուրականի աստղադիտարանը և այլն:

«STARMUS-ի նախորդ 5 փառատոնները պարզապես աննկարագրելի էին իրենց բնույթով, սակայն STARMUS 6-ը խոստանում է գերազանցել դրանց: Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն լսել գիտնականներին ու տիեզերագնացներին, այլև միջոցառման ընթացքում հնարավորություն կունենաք նաև շփվել նրանց հետ: Եվ այս ամենը՝ հիասքանչ Երևանում: Սա մի իրադարձություն է, որը դուք չեք ցանկանա բաց թողնել»,- եզրահանգում է հոդվածագիրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ