Իսրայելի ցամաքային գործողությունները Գազայում շարունակվում են, զոհերի թիվը գերազանցել է 8700-ը

Աննա Կոստանյան 1.11.2023 - 18:15
1.11.2023 - 18:15 դիտում

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում շարունակում է ընդլայնել ցամաքային գործողությունները: «Կործանիչներն ու ուղղաթիռները, ինչպես նաև հեռակառավարվող ինքնաթիռները, նավերն ու հրետանին, օգնում են բանակին հարվածներ հասցնել թիրախներին», – ասվում է իսրայելական բանակի մամուլի հաղորդագրության մեջ:

Պաղեստինի առողջապահության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ Գազայի հատվածում իսրայելական ուժերի հրետակոծության և ռմբակոծությունների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 8700-ը, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Բացի այդ, նախարարությունը ստացել է 2030 հաղորդում Իսրայելի օդային ռմբակոծությունների արդյունքում ավերված շենքերի փլատակների տակ անհայտ կորածների մասին։ Այս հայտարարությունները հիմնականում վերաբերում են պաղեստինցիներին, որոնք անհետ կորել են Ջեբալիայի փախստականների ճամբարին իսրայելական օդուժի զանգվածային հարվածներից հետո: Հարձակման հետևանքով մի քանի հարյուր մարդ զոհվել է ու վիրավորվել։

Times of Israel թերթն էլ գրում է, որ Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) Իսրայելի ուղղությամբ արձակել է հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր:

Ըստ պարբերականի, իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերն ու կործանիչները որսացել են հրթիռների մի մասը։ Մեկն ընկել է Հորդանանի անապատում, բարեբախտաբար խաղաղ բնակիչներ չեն տուժել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ