Ժաննա Անդրեասյանը՝ 7-րդ դասարանի «Պատմության» դասագրքի մասին

Աստղիկ Խաչատրյան 25.10.2023 - 19:06
25.10.2023 - 19:06 դիտում

ԿԳՄՍՆ-ն ուշադիր է բոլոր ռացիոնալ դիտարկումներին, որոնք վերաբերում են հանրակրթական նոր չափորոշիչներով կազմված նոր դասագրքերին: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Պատմություն» դասագրքին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նկատեց՝ ծնողների, մանկավարժական հանրույթի կողմից բողոքի ալիք է բարձրացել՝ կապված «պատմական իրողությունների խեղաթյուրման» հետ: Գրքում կան նաև քերականական սխալներ:

Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը ընդգծեց, որ դպրոցներում ամենակարևոր արժեքը և այն առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի կրթությունը, մեր պետությունն է և պետականությունը:

««Պատմություն» առարկայի ուսուցման հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորումն է մեր երեխաների մոտ, որից պարզ պետք է դառնա, որ պատմությունը բազմաշերտ իրողություն է, և ամենակարևորն է ունենալ տարբեր աղբյուրներ համադրելու, վերլուծելու, համեմատելու, եզրահանգումներ անելու, ինքնուրույն դատողություններ կազմելու ունակություններ, հմտություններ, որոնք այնքան բացակայում են մեզ այդ այսպես կոչված «ուռա հայրենասիրության» և պաթոսի մեջ, որով տարիներ շարունակ ողողված է եղել մեր դպրոցը, և որից շատ դժվար է լինելու մեր դպրոցը ազատել:

Հետևաբար ես խնդրում եմ համակերպվել այն աղմուկի հետ, որը կա»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ փաստական անճշտությունների և վրիպակների մասով երկրորդ կիսամյակում կլինեն համապատասխան ուղղումները:

«Ինչ վերաբերում է ընդհանուր մոտեցումներին, դրանք չեն սրբագրվելու, որովհետև այդ մոտեցումներն են հանրակրթության բովանդակային փոփոխության առանցքը»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրեց, որ դասագրքի փորձաքննությանը մասնակցել են առարկայական մասնագետներ, լեզվաբաններ, նաև ուսուցիչներ:

«Մենք ուշադիր ենք, մենք լսում ենք բոլոր այն կարծիքները, որտեղ կա որևէ կետ, որն ունի փոփոխության և վերամշակման կարիք: Բայց ես ևս մեկ անգամ ասում եմ, չեմ հորդորում, տեղեկացնում եմ, որ աղմուկը չի խանգարելու, չի շեղելու այն փոփոխությունների ընթացքը, որը պլանավորված է»,- ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ