Կումայրիի բաժնի ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել

Աննա Կոստանյան 25.10.2023 - 18:38
25.10.2023 - 18:38 դիտում

Հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Կումայրիի բաժին գրություն էր ստացվել. տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 22-ին զբոսաշրջիկների հետ Թալին և Գյումրի քաղաքներում շրջագայելուց հետո Երևանում նկատել են, որ «Մերսեդեսի» սրահից բացակայում են օտարերկրացի զբոսաշրջիկներից մեկի անձնագիրը և դրամապանակը: Ըստ տնօրենի հայտարարության՝ մեքենայի դռները և պատուհանները եղել են փակ և անվնաս վիճակում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 30 և 35 տարեկան գյումրեցի երկու տղամարդ: Հոկտեմբերի 23-ին նրանք ձերբակալվել և տեղափոխել են Կումայրիի բաժին, որտեղ 30-ամյա տղամարդը խոստովանել է, որ սեպտեմբերի 22-ին Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ կայանված «Մերսեդեսի» կողային ապակին հրել-բացելու միջոցով սրահից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել են 50 եվրո, օտարերկրյա քաղաքացու անձնագիր և պլաստիկ քարտեր: Նա նաև հայտնել է, որ փողը վերցրել է, իսկ դրամապանակը, անձնագիրը և պլաստիկ քարտերը նետել մոտակա աղբամանը: Հետագա միջոցառումների շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ հոկտեմբերի 15-ին 35-ամյա ընկերոջ հետ Գյումրիի Վարպետաց փողոցի տներից մեկի կիսաբաց պատուհանից մտել և գողացել են բջջային հեռախոս, այնուհետև Գյումրու կենտրոնական զբոսայգու հարևանությամբ կայանված տուրիստական միկրոավտոբուսի պատուհանի ապակին բաց լինելու հանգամանքից օգտվելով՝ սրահից գողացել է բջջային հեռախոս, իսկ ընկերը հետևել է, որ մարդ չմոտենա:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
30-ամյա և 35-ամյա գյումրեցի երկու տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ