Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Շիրակի պարեկների պայքարի դրվագներ

Աննա Կոստանյան 16.05.2023 - 14:54
16.05.2023 - 14:54 դիտում

Շիրակի պարեկները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երևանցի 40-ամյա մի տղամարդ պահում է թմրանյութ և պատրաստվում է այն իրացնել: Մայիսի 13-ին, ժամը 23.45-ին, Գյումրիի Թեհլերյան փողոցում նրան ձերբակալում և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխում են ոստիկանության Կումայրիի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվում են բուսական զանգվածներով տարատեսակ փաթեթներ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով: Ըստ նախնական տվյալների` նա տեղադրում էր թմրանյութը, լուսանկարում և լուսանկարն ուղարկում էր նույն հավելվածին` այն իրացնելու համար:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 40-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ըստ հավաստի մեկ այլ տեղեկության՝ թմրանյութ էր պահում և պատրաստվում էր այն օգտագործել գյումրեցի 19-ամյա մի երիտասարդ: Մայիսի 13-ին, երեկոյան ժամը 9-ին մոտ, Գյումրիի Օզանյան փողոցում նա ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է շագանակագույն զանգվածով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` այն գտել էր Արևիկ գյուղում և ենթադրելով, որ թմրանյութ է, պահել էր հետագայում օգտագործելու համար:
Այս դեպքով նույնպես փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Մայիսի 13-ին, ժամը 22.45-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Շիրակի պարեկները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել օտարերկրացի 25-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են, իսկ պարեկների հակաթմրամոլային միջոցառումները նույն հետևողականությամբ շարունակվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ