Եվրոպան մեղմացնում կամ չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները, Չինաստանը՝ խստացնում

2.05.2022 - 19:49 դիտում

Իտալիայում մայիսի 1-ից մասամբ չեղարկվել են մարդաշատ վայրեր այցելելու համար անհրաժեշտ քովիդ-վկայականները: Մինչև մայիսի վերջ սանիտարական անձնագրեր կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը՝ բուժհաստատություններ և ծերանոցներ այցելելու համար։

Բուլղարիան նույնպես չեղարկել է երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ «կանաչ վկայականները», պարտադիր չէ դիմակ կրելը, հանրային միջոցառումների մասնակցության սահմանափակումներ չկան։

Հունաստանում էլ մինչև օգոստոսի 31-ը հանվել են հակաքովիդային սահմանափակումները։ Երկիր մուտք գործելու և հանրային վայրեր այցելելու համար պատվաստման վկայականներ և ՊՇՌ թեստ չեն պահանջվի։ Մինչև մայիսի 31-ը փակ տարածքում դիմակ կրելը պարտադիր է։

Մինչ Եվրոպան վերացնում է սահմանափակումները, Չինաստանը, հակառակը, խստացնում է: Մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինում, խստացումները շարունակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Դպրոցները հիմնականում անցնում եմ հեռավար ուսուցման: Մայրաքաղաքի ռեստորանները ժամանակավորապես կփակվեն, բնակիչները պետք է Covid-19 թեստ հանձնեն՝ հասարակական վայրեր այցելելու համար։

Ավելի վաղ Պեկինի իշխանությունները կարգադրել էին բնակչությանը զանգվածային թեստավորում անցկացնել, իսկ երկրի որոշ բնակավայրերում լոքդաուն է հայտարարվել։

Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանի մայրաքաղաքում գրանցվել է վարակման 53 նոր դեպք, իսկ հանրապետության ողջ տարածքում՝ ավելի քան 50 000։

COVID-19-ի վերջին բռնկման դեմ պայքարելու նպատակով Պեկինի իշխանությունները որոշել են վերաբացել Սյաոտանշանի հիվանդանոցը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ