ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար

Աստղիկ Խաչատրյան 24.01.2023 - 22:11
24.01.2023 - 22:11 դիտում

Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսները կարժենան 8,1 մլն եվրո: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է այսօր:
ԵՄ ԱԳ նախարարները հունվարի 23–ին հավանություն են տվել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որի մանդատը նախատեսված է երկու տարվա համար:
«Ֆինանսավորման գումարը հետագա ժամանակահատվածի համար կորոշվի ԵՄ խորհրդի կողմից», – նշվում է փաստաթղթում:
Որոշման մեջ նաև նշվել են առաքելության հիմնական գործառույթները, որոնք, ԵՄ հայտարարությունների համաձայն,կգործարկվեն Հայաստանի խնդրանքով՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունացմանը նպաստելու համար:
Մասնավորապես՝ առաքելության աշխատակիցները պետք է «հետևեն տեղում տիրող իրավիճակին, հակամարտության հետ կապված ցանկացած միջադեպին», այնուհետև համապատասխան զեկույցներ կազմեն: Բացի այդ, Եվրամիության դիտորդները պետք է որոշեն տեղի բնակիչների և նրանց իրավունքների սպառնալիքները, որոնք կարող էին ծագել որպես հայ-ադրբեջանական հակամարտության «ուղղակի կամ անուղղակի» հետևանքներ:
ԵՄ-ում կարծում են, որ առաքելության ներկայությունը կնպաստի «վստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև այդ պետությունների ղեկավարության միջև»:
Հատկանշական է, որ ԵՄ որոշման մեջ թույլատրվում է մասնակցել Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիական առաքելությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ