Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ փողեր

Աստղիկ Խաչատրյան 13.07.2023 - 20:04
13.07.2023 - 20:04 դիտում

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը հայտարարությու է տարածել, որում ասվում է․

«Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն լալահառաչ նյութ է տարածել, որտեղ խոսել է հերթական «բացահայտումների» մասին: Ավելորդ ենք համարում արձանագրել, որ մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն:

Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ փողեր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն և հանրության ուղեղները: Անցնող 5 տարիների ընթացքում հնարավոր չի եղել հիմնավորել որևէ իրավախախտում, որը կատարել է Վ. Գասպարյանը, հակառակը՝ մենք կարող ենք տեսնել դատավճիռեր և վճիռներ, որ Վ.Գասպարյանը և իր ընտանիքը ծառայել են և վաստակել բյուրեղյա մաքրությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը առնավազն հեռու է իրականությունից և լուծել է օրվա լրահոսի վերնագրերի հարցը:

Նյութը տեղադրողները շատ արագ են մոռացել այն արագությունը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները փախուստի են դիմել, երբ Վ. Գասպարյանին տեսել են Կոմիտեի շենքում: Կոչ ենք անում զերծ մնալ չփաստարկված հրապարակումներ կատարելուց և փորձել դատավարական ընթացակարգերով աղերսել մեղադրական այն ակտերը, որոնք չեն լինելու»:

————-

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, որ Վ. Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Վ. Գասպարյանի կինը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել: Բացի այդ, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 36 մլն ՀՀ դրամ գումար:

Քրեական վարույթով պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում՝ նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ ՀՀ դրամի գույք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ