Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում արհեստական բեղմնավորման ծառայություն կհիմնվի

Աննա Կոստանյան 27.12.2022 - 11:58
27.12.2022 - 11:58 դիտում

Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակներում Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում արհեստական բեղմնավորման ծառայություն կհիմնվի։
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը քննարկել են 2023 թվականին Գյումրու ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում արհեստական բեղմնավորման ծառայություն հիմնելու ռազմավարությունը։
Նշենք, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 13-ին հանձնարարել էր մշակել անպտղության հաղթահարման պետական ծրագրը 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ։
Մայրաքաղաքից դուրս Գյումրու ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքն առաջինն է, որտեղ իրականացվելու է արտամարմնային բեղմնավորում։ Ծառայությունը հասանելի է լինելու ոչ միայն Շիրակի, այլ նաև Լոռու և Արագածոտնի մարզերի շահառուներին։
Արտամարմնային բեղմնավորումն իրականացվելու է պետական ֆինանսավորմամբ։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ն միավորվել է Գյումրու ԲԿ-ի հետ և գործում է որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։ Միավորումից հետո Գյումրու ԲԿ գործադիր տնօրենի կողմից մշակվել և իրականացվել է զարգացման ծրագիր, որի արդյունքում բաժանմունքում ծնուննդների և վճարովի ծառայությունների թիվը մի քանի անգամ աճել են, ինչպես նաև Գյումրիում իրականացվել են այնպիսի գինեկոլոգիական վիրահատություններ, որոնք նախկինում չեն իրականացվել։
Գյումրու բժշկական կենտրոնն, իր կողմից ներդրած միջոցների և միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը համալրել է մի շարք անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։
Բուժանձնակազմի համար պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական դասընթացներ։ Գործում է մայրության դպրոց, որն ամբողջությամբ անվճար խորհրդատվություն է տրամադրում մայրանալ պատրաստվող կանանց։
Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում, բաժանմունքում բացվել է Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձագինեկոլոգիայի և ռեպրոդուկցիայի ամբիոնի մասնաճյուղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ