Գերիների տվյալները ճշտվում են՝ հետագա փոխանակման համար. Ավինյան

Գոհար Ստեփանյան 17.12.2020 - 11:45
17.12.2020 - 11:45 դիտում

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նիստը մեկնարկեց գերիների փոխանակման մասին տեղեկատվության հաղորդմամբ: Ավինյանը նշեց, որ այս շաբաթ տեղի է ունեցել գերիների փոխանակման առաջին փուլը, բայց շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման համար, որի ուղղությումբ էլ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ:

«Երկրորդ խնդիրը վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին, նաև այն անձանց հետ կապված, որոնք ամենայն հավանականությամբ գերեվարված են: Տվյալներն այս պահին ճշտվում են: ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այս պահին Արցախում է՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու: Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում քննարկումներ ադրբեջանական կողմի հետ»,- նշեց Ավինյանը:

Հին Շենի մասով Ավինյանը նշեց, որ որոշակի լարվածություն եղել է նաև այս համայնքում, այս պահին միջդիրքային հաղորդակցությունն առկա է, խնդիրը դեռ ամբողջությամբ հանգուցալուծված չէ, բայց այդ հատվածում նաև խաղաղապահ զորքերն են տեղակայված, և մոտ ժամանակներս ակնկալվում է վերջնական հանգուցալուծում:

Ավինյանը հայտնեց նաև, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ այս պահին Սյունիքում է: Նա նշեց, որ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ