Բացառել միմյանց նկատմամբ բռնության որևէ դեպք. ՄԻՊ

Գոհար Ստեփանյան 10.11.2020 - 11:16
10.11.2020 - 11:16 դիտում

Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղերձում:

«Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ:  ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաև ըստ այս պահի տվյալների՝ հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների նկատմամբ: Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում:

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան: Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին: Աստված պահապան մեր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին»,-ասված է ուղերձում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ