Բացահայտվել է «ՀայՓոստի» ինկասացիայի ավտոմեքենայից կատարված գողության դեպքը

Աննա Կոստանյան 4.03.2022 - 17:46
4.03.2022 - 17:46 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ «ՀայՓոստ» ՓԲԸ-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից կատարված գողության դեպքը:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 2-ին՝ ժամը 13:50-ին, քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Չարենցավան քաղաքի «ՀայՓոստ» բաժանմունքի դիմաց կայանված հիշյալ ինկասացիայի ավտոմեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված գումարով պարկը, որի մեջ եղել է 6.500.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, որը տվել է խոստովանական ցուցմունք և պատրաստակամություն հայտնել ներկայացնել գողոնը:

33-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարված խուզարկության ժամանակ վերջինս ներկայացրել է իր բնակարանում պահվող 6.500.000 ՀՀ դրամ գումարը, որն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ