Արևմուտքը կասկածում է Ռուսաստանի նկատմամբ Կիևի հաղթանակին և թուլացնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. NYT

22.07.2022 - 20:16 դիտում

Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային թուլանում է Ռուսաստանի հետ հակամարտությունում Կիևի հաղթանակի վերաբերյալ կասկածների պատճառով։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը (NYT):

Արևմտյան կառավարությունները, ըստ թերթի, վստահ չեն, որ ուկրաինական կողմը կկարողանա դիմակայել Մոսկվայի հետ «հյուծող պատերազմին»։ Բացի այդ, նրանք թերահավատորեն են վերաբերվում Կիևին ժամանակակից սպառազինության մատակարարման արդյունավետությանը։

Ուկրաինայի իշխանությունները, սակայն, ցանկանում են վստահեցնել իրենց արևմտյան դաշնակիցներին, որ  կարող են հաղթել, գրում է NYT-ը։ Հոդվածում նշվում է, որ նման ուժի ցուցադրություն էր հարձակումը Ռուսաստանի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքի վրա։

Ամերիկյան HIMARS կայանքի հրթիռներով ոչնչացվել են պահեստներ, բնակելի շենքեր, շուկան, վնասվել է տեղի հիվանդանոցը։ Ուկրաինացի զինվորականների գործողությունները հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և վիրավորների։ Սակայն, ըստ պարբերականի, նույնիսկ դա չի համոզում Արևմուտքին ընդլայնել զենքի մատակարարումը, նրանք Կիևին զգուշացնում են, որ մեծ հույսեր չկապեն ստացած զինատեսակների հետ, քանի որ իրավիճակն առաջնագծում շատ արագ է փոխվում։ Իսկ սպառազինությունների մատակարարումներն ավելացնելու՝ Կիևի խնդրանքներն արդեն այնքան հաճախ են լսվում, որ արևմտյան երկրներում դրանք ընկալում են որպես «ֆոնային աղմուկ»՝ նշում է թերթը։

Միևնույն ժամանակ, հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել ռազմական օգնության մեծ փաթեթ, որը կներառի տասնյակ հրետանի, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և այլ տեսակի զենք ու զինամթերք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ