Արցախում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ

Աստղիկ Խաչատրյան 15.12.2022 - 20:21
15.12.2022 - 20:21 դիտում

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Մասնավորապես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսվարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով Արցախի օպերատիվ շտաբ են ներկայացնում վառելիքի ձեռքբերման հայտ՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման նպատակը և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք ուսումնասիրվելուց հետո Արցախի պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում են վառելիքի ստացման կտրոններ՝ բենզինի և դիզելային վառելքի մանրածախ վաճառքի կետերից գնում կատարելու թույլտվության վերաբերյալ:

Հաշվի առնելով վառելքի պաշարների քանակը՝ կտրոնների տրամադրման առաջնահերթությունը որոշվում է ըստ գործունեության տեսակի և անհրաժեշտության. առաջնահերթորեն բավարարվում են առողջապահական հիմնարկների, հատուկ ծառայությունների, հանրային տրանսպորտի, հացի և պարենային ապրանքների մատակարարման աշխատանքների անխափան կազմակերպման, հուղարկավորությունների կազմակերպման համար ներկայացված հայտերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ