Արվեստի ուժով է պետք բժշկել հայ մարդու հոգին, որը տառապանքի բովով է անցել. Շիրակի մարզպետ

Աննա Կոստանյան 27.03.2021 - 12:39
27.03.2021 - 12:39 դիտում

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ.

«Հարգարժա՛ն թատերական գործիչներ, թատերարվեստի երկրպագուներ, շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Հազարամյա պատմություն ունեցող հայ թատրոնը մեծ ներդրում է ունեցել մեր հոգևոր և մշակութային ժառանգության կերտման գործում։

Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածության և արհեստավարժության շնորհիվ կարողանում եք անտեսանելի դարձնել բեմական և իրական կյանքի սահմանագիծը։ Այսօր, առավել քան երբևէ, հանդիսատեսը կարիք ունի մեր հերոսական պատմության, մեր նորօրյա հերոսների մասին նոր ներկայացումների, որը կարող է մեր մորմոքվող սրտերին բալասան դառնալ։

Արվեստի ուժով է պետք բժշկել հայ մարդու հոգին, որը տառապանքի բովով է անցել, սակայն միշտ բարձր է գնահատել թատրոնի դերն ու նշանակությունը։ Հայ թատրոնի հնաբնակներց մեկը՝ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկականը, թե՛ նախկինում, թե՛ այսօր մեր մշակութային ժառանգությունը հարստացնում է գեղարվեստական անգնահատելի արժեքներով:

Գյումրու Ս. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի ավանդը մշակութասեր սերունդ դաստիարակելու գործում մնում է անգնահատելի։ Հարգելինե՛րս, մաղթում եմ Ձեզ լեփ-լեցուն դահլիճներ և ստեղծագործական նոր եռանդ։ Թատրոնը եղել և մնում է մեր երևակայության ու երազանքների օրրանը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ