Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին

4.09.2026 - 20:06 դիտում

Ջրային ոլորտի խնդիրներին նվիրված աշխատաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ոլորտային մոտեցումների արմատական վերանայման անհրաժեշտության մասին։ Ըստ վարչապետի՝ մակերեսային քայլերն այլևս արդյունավետ չեն, և անհրաժեշտ է անցում կատարել համակարգային ու խորքային փոփոխությունների։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ «բարեփոխում» հասկացությունն այլևս չի արտացոլում առկա մարտահրավերների ծավալը․ «Ես կարծում եմ, որ մենք խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից պետք է անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին»։

Վարչապետի խոսքով՝ կոսմետիկ փոփոխություններն ընդամենը ժամանակավոր լուծումներ են, որոնք արագ մաշվում են և չեն տալիս վերջնական արդյունք․ «Ընդհանրա
պես, կարծում եմ, մեր բոլորոլորտներում մենք «բարեփոխում» բառը պետք է փոխարինենք «վերափոխում» բառով։ Որովհետևմենք այնպիսի խնդիր չունենք, որ նրա լավ, 10% մակերեսային փոփոխությամբ կարողանանք փոփոխությունների հասնել մեր բոլոր ոլորտներում։ Մենք արդեն այն վիճակում ենք, որ խոսքը խորքային փոփոխությունների մասին է»,- նշել է վարչապետն ու հավելել,- «Ես հասկանում եմ, որ խնդիրը բարդացնում ենք, բայց պետք է բարդ խնդիր դնենք, որ արդյունքում լուծում ստանանք։ Որովհետև եթե խնդիրը պատշաճ բարդությամբ չենք ձևակերպում, մենք կոսմետիկա ենք ստանում և լուծում չենք ստանում»։

Կառավարության ղեկավարն արձանագրեց, որ վերափոխման օրակարգը չի կարող սահմանափակվել միայն հնգամյա ծրագրերով․ այն պահանջում է տասնամյակների երկարաժամկետ պլանավորում։ Միևնույն ժամանակ, որպես վերափոխման հաջողության գրավական, վարչապետը մատնանշեց հանրության հետ մշտական երկխոսությունն ու սպառման մշակույթի փոփոխությունը․ «Ճանապարհային քարտեզով մենք պետք է հստակ գծագրենք՝ ինչ ենք անում և ինչու ենք անում, բայց այդ ճանապարհային քարտեզին անընդհատ, բոլոր տողերին զուգահեռ պետք է ներկա լինի ռազմավարական հաղորդակցությունը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ