Արդուկի լարով 44-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս 20-ամյա վարձակալին

Աննա Կոստանյան 14.07.2023 - 18:23
14.07.2023 - 18:23 դիտում

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքը: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«2023 թվականի հուլիսի 12–ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում, նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող, Մարտունի համայնքում հաշվառված 20-ամյա երիտասարդը սպանել է նշված տան 44-ամյա սեփականատիրոջը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ, սպանության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ երիտասարդը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է:

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա իրավապահներին ներկայացրել է քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Մասնավորապես, քննությամբ ներկա պահին ձեռք բերված տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 11–ին՝ ժամը 00։30–ի սահմաններում, տան սեփականատիրոջ և երիտասարդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տան սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել երիտասարդի հասցեին, ինչի համար վերջինս արդուկի լարով խեղդել է 44-ամյա տղամարդուն, ապա՝ դին թաքցրել տան պահարանում։

Դեպքի վայրի զննությամբ տան հյուրասենյակի պահարանում հայտնաբերվել է արական սեռի դիակ՝ բռնության հետքերով, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք արդուկը:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանբման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ