Արարատ Միրզոյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար ճգնաժամը

Աստղիկ Խաչատրյան 21.08.2023 - 19:33
21.08.2023 - 19:33 դիտում

Օգոստոսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։
Ի շարունակություն հուլիսին Լիսաբոնում պաշտոնական այցի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները, ինչպես նաև սննդի և դեղորայքի սուր պակասը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի վերաբացման վերաբերյալ, այդ թվում՝ ԵՄ կողմից հնչած ուղերձների կյանքի կոչման հրատապությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակառակ դեպքում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ