Արարատ Միրզոյանը հաստատեց, որ Ադրբեջանը նոր առաջարկներ է փոխանցել

Աննա Կոստանյան 5.10.2022 - 17:17
5.10.2022 - 17:17 դիտում

Մարտի կեսերին Ադրբեջանի փոխանցած 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են և մեր հանրությունը քաջատեղյակ է դրանից։ Այս անգամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա:

Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, որ հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա:

«Իսկապես մեզ փոխանցվել են այդպիսի փաստաթուղթ: Գիտեք, Ադրբեջանի մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են, ըստ էության, և մեր հանրությունը, և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին, և մենք ֆիքսել ենք հրապարակավ, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ Ադրբեջանի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք վերլուծում ենք և դեռ կարձագանքենք: Բաներ կլինեն, որոնք կրկին մեր համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որոնք ընդունելի չեն լինի: Կլինեն մեր կողմից առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել: Այսինքն, նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»,- պատասխանեց Միրզոյանը:

Միրզոյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանին առաջարկել է իր կետերը՝ ԼՂ-ին վերաբերյալ։

Անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ Միրզոյանը ասաց, որ հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին․«Այս մասով քննարկումներ են ընթանում: Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը մեկ այլ: Երբ կհանգենք ինչ-որ փոխադարձ ընդունելի դիրքորոշման»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ