Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Աննա Կոստանյան 21.08.2021 - 16:21
21.08.2021 - 16:21 դիտում

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքական մարտահրավերների հաղթահարման կարևոր գործում։

Զրուցակիցները անդրադարձել են իրավիճակին Արցախում և առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Արցախի պետական գերատեսչությունների միջև մշտական կապի և համագործակցության ամրապնդումը։

Նախարար Միրզոյանը և նախագահ Հարությունյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման ու տևական և արդար քաղաքական լուծման անհրաժեշտությունը։

Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ