Առաջին անգամ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը գործարարության օրեր է անցկացրել

9.07.2022 - 17:15 դիտում

Առաջին անգամ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի են ունեցել երկու երկրների գործարար համայնքների մերձեցմանն ուղղված գործարարության օրեր։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունից:

«Նիդերլանդական-հայկական գործարարության օրեր-2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են նիդերլանդա-հայկական գործարար շրջանակների փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ներկայացվել շինարարության, գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը:

«Նիդերլանդների ու Հայաստանի տնտեսական համագործակցության պոտենցիալը, միանշանակ, առկա է, ու մենք, դեսպանատան գործունեության երկու տարիների ընթացքում տեսնում էինք նման միջոցառման անհրաժեշտությունը։ Հուսով ենք՝ առաջիկայում համագործակցության ավելի բարձր մակարդակ տեսնել թե՛ մեր կողմից առանձնացված, թե մյուս ոլորտներում»,- նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Հուլիսի 6-7-ը տեղի ունեցած գործարարության օրերի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայ-նիդերլանդական առևտրի պալատի պաշտոնական բացման արարողությունը։

Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան և Հայ- նիդերլանդական առևտրի պալատի միջև ստորագրվել է հուշագիր համատեղ կառուցողական մոտեցմամբ երկու երկրների գործարար համայնքի ավելի սերտ համագործակցության ու հեռանկարային նախագծերի իրականացման համար:

«Հայ-նիդերլանդական առևտրի պալատի հիմնադրման գաղափարը վաղուց կար՝ աշխատանքի բերումով կապ ունենալով երկու երկրների շուկաների հետ, տեսնում էի անհրաժեշտությունը, վերջին մեկ տարում Հայաստանում Նիդերլանդների նորաբաց դեսպանատան հետ սերտ համագործակցության շնորհիվ գաղափարն իրականություն դարձավ: Պալատի առաքելությունը հայ-նիդերլանդական տնտեսական և կրթական կապերի զարգացումն ու ամրապնդումն է՝ երկու երկրների միջև չօգտագործված ողջ ներուժը իրացնելու շնորհիվ»,- նշել է պալատի նախագահ Լևոն Հայրապետյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ