Առաջիկայում ԱՄԷ-ի հետ կձևավորվի միջխորհրդարանական բարեկամության խումբ

Աննա Կոստանյան 24.09.2021 - 14:38
24.09.2021 - 14:38 դիտում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների  ժամանակավոր հավատարմատար  Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:

Ողջույնի խոսքից հետո  ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության  զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտեց, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց հյուրին, որ առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից ևս նմանատիպ խմբի ձևավորում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստեց Հայաստանի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության կարևորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծեց  համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին մտքեր  փոխանակվեցին առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ» համաշխարհային  ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ