Առաջարկվել է ունենալ վարչապետի մասնակցությամբ քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար

Աստղիկ Խաչատրյան 19.02.2024 - 12:59
19.02.2024 - 12:59 դիտում
Արդարադատության նախարարությունում փետրվարի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը:
Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ նիստի օրակարգում ներառված էին Խորհրդի և հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները:
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները լսել են հանձնաժողովի զեկույցը՝ սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձի վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել քննարկում:
Նիստի օրակարգում ներառված էին նաև Խորհրդի աշխատանքներն առավել համակարգային և պարբերական դարձնելու անհրաժեշտության հետ կապված այլ հարցեր: Այս համատեքստում, հիմք ընդունելով, որ Խորհուրդն ստեղծվել է վարչապետի որոշմամբ, առաջարկվել է վարչապետի մասնակցությամբ կազմակերպել քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար:
Օրակարգի բովանդակային հարցերին Խորհուրդը որոշել է անդրադառնալ հաջորդ նիստին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ