Անկախության օրվա առթիվ ՀՀ բյուջեից զրո դրամ է ծախսվել. Արայիկ Հարությունյանը հակադարձել է Աղվան Վարդանյանի հայտարարությանը

Աննա Կոստանյան 3.11.2021 - 12:16
3.11.2021 - 12:16 դիտում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ դատարան է դիմելու, եթե ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը չապացուցի իր այսօրվա հայտարարությունը:

«Ես որոշ ժամանակ կսպասեմ: Պարոն Վարդանյանը հայտարարություններ արեց՝ փորձելով ցույց տալ որոշակի շրջանակների հետ կապերը և փորձելով ցույց տալ, թե ինչ-ինչ կոռուպցիոն մեխանիզմներով այս միջոցառումներին գումարներ են ներգրավվել: Եթե այդ մեխանիզմների մասին նա չխոսի, կգնա և համապատասխան տեղում պատասխան կտա»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ մեծագույն հաճույք են ստացել Անկախության օրվա միջոցառումից:

«ՀՀ բյուջեից զրո դրամ է ծախսվել»,- նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ ընդգծելով, որ Անկախության օրվա միջոցառումների համար ծախսված գումարները եղել են մասնավոր միջոցներ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Անկախության օրվա միջոցառմանը և այդ նպատակով ծախսված գումարներին, հայտարարել էր, թե տարբեր ուսումնասիրություններով՝ Անկախության օրը ծախսվել է 400-450 միլիոն դրամ:

«Գումարները ինչ են եղել՝ չգիտեմ, ովքեր են այդ ծախսերը իրականացրել, կարծում եմ՝ հանրայնացնելու ձևերը կան: Թե ինչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարը այդ միջոցառման կազմակերպիչների հետ, ևս հայտնի է»,- ասել էր Վարդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ