Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

12.07.2026 - 10:23 դիտում

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,
Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…
(«Սոնա յար» Կոմիտաս)

Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր:

Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ