Այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում ստեղծված իրադրության մասին

Աստղիկ Խաչատրյան 27.08.2021 - 11:30
27.08.2021 - 11:30 դիտում

Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին:

«Սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:

Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պետք է զարգացնենք, առաջ տանենք:

Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այդ ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել, սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ