ԱՄՆ-ը անտեսել է Մոսկվայի հիմնական մտահոգությունները. Պուտին

Աննա Կոստանյան 2.02.2022 - 13:16
2.02.2022 - 13:16 դիտում

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Միացյալ Նահանգների պատասխանից արդեն պարզ է, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնական մտահոգությունները՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ գրում է РИА Новости-ն։

Պետության ղեկավարը նշել է, որ Մոսկվան մանրամասն վերլուծում է հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին և ընդգծել. «Մենք չենք տեսել մեր երեք հիմնական պահանջների համարժեք դիտարկումը»:

Հիմնական կետերից Պուտինը նշել է դաշինքի ընդլայնման կանխումը, Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենքի համակարգերի տեղակայման մերժումը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի վերադարձը 1997 թ. դրությանը: Նա հիշեցրել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո դաշինքը խոստացել էր իր ենթակառուցվածքները չտեղափոխել դեպի արևելք, սակայն այժմ այն ներառում է Բալթյան երկրները, Լեհաստանը և Ռումինիան։

Միաժամանակ ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դաշինքի փաստաթղթերում ոչ մի տեղ ամրագրված չէ «բաց դռների» քաղաքականությունը։ Նա խոսել է նաև այն սպառնալիքների մասին, որոնք բխում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ