Ամեն ինչ անում ենք, որպեսզի օր օրի ավելացնենք մեր հզորությունները՝ պատվաստումային գործընթացը առանց հերթերի կազմակերպելու համար. Անահիտ Ավանեսյան

Աստղիկ Խաչատրյան 27.08.2021 - 12:15
27.08.2021 - 12:15 դիտում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանում համաճարակային իրավիճակին ու պատվաստման գործընթացին:

«Մենք երեկ գրանցել ենք 522 դրական դեպք, իրականացրել ենք 6383 թեստավորում: Ցավոք սրտի, գրանցվել է 11 մահ: Այս պահին ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ պացիենտներին, ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը: Պետք է ասեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացիենտ: Ընդհանուր հոսպիտալացված պացիենտների թիվը և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է»,- ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում, ինչպես այլ երկրներում, այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է «Դելտա» շտամը, որն աչքի է ընկնում ինչպես բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով:

«Ունենք երիտասարդ պացիենտներ, որոնք որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- ասաց Ավանեսյանը:

Խոսելով պատվաստման գործընթացի մասին՝ Ավանեսյանն ասաց, որ երեկ իրականացվել է 7114 պատվաստում:

«Ընդհանուր առմամբ արդեն 267 հազար 504 պատվաստում ենք իրականացրել: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր օրի ավելացնենք մեր հզորությունները՝ պատվաստումային գործընթացը հնարավորինս հեշտ և առանց հերթերի կազմակերպելու համար»,- ասաց Ավանեսյանը:

Պատասխանելով վարչապետի այն հարցին, թե արդյոք խնդիրներ կա՞ն պատասվատանյութերի համալրման հետ կապված՝ Ավանեսյանը նշեց. «Երկու պատվաստանյութերի՝ չինական և «Աստրազենեկայի» հետ որևէ խնդիր չունենք, համալրված են պաշարները, «Սպուտնիկ Վ»-ի արտադրական գործընթացների հետ կապված՝ մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք երկրորդ խմբաքանակը: Երկրորդ դեղաչափն արդեն քաղաքացիները կարող են ստանալ: Հաջորդիվ կհամալրվեն: Չկա որևէ պոլիկլինիկա, որ գոնե 2 պատվաստանյութ չունենա»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ