Ակնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ Վարչապետի խոսնակ

Աննա Կոստանյան 22.09.2023 - 13:32
22.09.2023 - 13:32 դիտում

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է հիբրիդային պատերազմների ժամանակ տեղեկատվական գրոհներին ու դրանցով հասարակություններին պառակտելու, բևեռացնելու փորձերին։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նման գրառման համար հիմք է հանդիսացել սեպտեմբերի 21-ին լայնորեն շրջանառվող կեղծ լուրը՝ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան ասել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման մասին։ Բաղդասարյանը կիսվել է այդ «անհարկի աղմուկը» հերքող հրապարակումներով։

«Հիբրիդային պատերազմներն ունեն հստակ ժանրի կանոններ՝ տեղեկատվական գրոհներ, տարբեր հնարքներով հասարակության մոլորեցում եւ կեղծ թեզերի շրջանառում։ Ակնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով։ Ցավոք, գործակալական ցանցի եւ հակապետական քարոզչամեքենայի զոհ են դառնում շատերը»,-նշել է Վարչապետի խոսնակը։

Ավելի ուշ թուրքական TRT հեռուստաընկերությունը այդ միտքը հեռացրել էր իր ռուսալեզու կայքից, իսկ Տելեգրամի ալիքում այն շարունակում էր մնալ։ Նման ձևակերպում չկար ոչ միայն տարբեր լրատվամիջոցների կայքերի տեքստային տարբերակներում, այլ նաև ԱՄՆ-ում Էրդողանի հանդիպումը (որի ժամանակ իբր արվել էր հայտարարությունը) մեկնաբանությամբ ներկայացնող տեսանյութերում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ