Ակնկալում ենք՝ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի․ Էրդողան

Աննա Կոստանյան 25.09.2023 - 18:42
25.09.2023 - 18:42 դիտում

Ադրբեջանը «ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում» (չակերտները՝ Tert.am-ի)։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ցավոք, Ղարաբաղում Ադրբեջանի օրինական մտահոգություններին արձագանքելու համար ոչինչ չարվեց, ուստի նա ստիպված եղավ գործողություն իրականացնել: Ադրբեջանի այս հաղթանակով տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման հնարավորություն ստեղծվեց: Եվ այս հնարավորությունը, համոզված եմ, վերլուծության կարիք ունի։ Մենք Հայաստանից ակնկալում ենք, որ նա կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի»,- ասել է նա։

Ինչպես նշել է Թուրքիայի առաջնորդը, «խաղաղ հանգուցալուծման դեպքում պարտվողներ չկան» (չակերտները՝ Tert.am-ի):

«Մեր ժողովուրդների առջև մեր պարտքն է տարածաշրջանում խաղաղություն, հանգստություն և բարգավաճում ապահովելը: Մենք վճռականորեն և անկեղծ տրամադրված ենք դա կյանքի կոչել, և ուզում ենք, որ մեր գործընկերները ցուցաբերեն նույն անկեղծությունը»,- հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակի «գործողությունն իրականացվել է շատ կարճ ժամանակում և առավելագույն ուշադրությամբ խաղաղ բնակչության (անվտանգության – խմբ․) նկատմամբ» (չակերտները՝ Tert.am-ի)։ Նա նաև հավելել է, որ այս «գործողությունը կրիտիկական իրադարձություն է տարածաշրջանի համար» (չակերտները՝ Tert.am-ի)։

Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բացառիկ են, և իրենք շարունակելու են իրենց ջանքերը՝ Բաքվի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ