Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Աննա Կոստանյան 23.11.2023 - 16:15
23.11.2023 - 16:15 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:

Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությամբ:

«Հարգելի՛ դիվանագետներ, ես՝ որպես խորհրդարանական, ցանկանում եմ ձեզ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները: Հայաստանի և Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական և ֆունդամենտալ»,- շեշտել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությանը, մասնավորապես, խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին՝ հավատարիմ չմնալով Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին և ակնհայտ դարձնելով իր ռազմատենչ ու նվաճողական նկրտումները:

Շնորհակալություն հայտնելով ԵՄ անդամ երկրներին դիտորդներ ուղարկելու համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, որը նշանակալի քայլ է մեր տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ:

ԵՄ դեսպաններին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը, որը տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Պատասխանելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին առնչվող հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարությունն այս օրերին կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և նրանց առաջնային խնդիրների լուծման վրա, որն առավել արդյունավետ կարող է լինել միայն միջազգային ուժեղ ներգրավման դեպքում: Նա հավելել է, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Եվրոպական միության և անդամ պետությունների կողմից արդեն իսկ հատկացված մարդասիրական օգնությունը:

Քննարկմանն անդրադարձ է եղել նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ նոյեմբերի 17-ի որոշմանը, որով դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ, այնտեղ մնացածների ու այնտեղից դուրս գալ ցանկացողների անվտանգությունը:

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև խորհրդարանական ընդդիմության, խորհրդարանում կանանց ներգրավվածության, որոշումների վրա կանանց ազդեցության հարցերով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ