ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են պաշտոններից

Աննա Կոստանյան 12.10.2021 - 14:45
12.10.2021 - 14:45 դիտում

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի մասնակիցները հեռացվել են պաշտոններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Հիմա իմ ունեցած տեղեկություններով՝ քննություն է տեղի ունենում: Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից, նաև քննություն է սկսվել՝ դրա հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև ՌԴ-ում վերջերս իր ունեցած հանդիպումներին: «Բոլոր հանդիպումներին քննարկվել է մեր ռազմագերիների, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը: Մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում: Պատրաստակամությունը՝ աշխատելու այդ հարցերի լուծման ուղղությամբ, ես այնտեղ տեսել եմ»,-ասաց նա:

ԱԺ նախագահը հավելեց, որ թե պատերազմից հետո, թե պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, որոշ դեպքերում՝ ամենաորոշիչը:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ