ԱԺ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայանա «Ապագա կա» կարգախոսով. Նիկոլ Փաշինյան

Գոհար Ստեփանյան 5.05.2021 - 19:46
5.05.2021 - 19:46 դիտում

Մենք ասել ենք, որ մեր ժողովրդի և մեր երկրի ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունը Հայաստանում և Արցախում մեզ համար գերակա խնդիրներ են, բայց հայեցակարգային առումով մենք վերջերս եկել ենք մի եզրակացության, որ Հայաստանը զարգացել է էականորեն իր պատմության այն ժամանակահատվածում, որտեղ որոշակիորեն ապաշրջափակված և ինչ-որ առումով եղել բաց համակարգ: ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդպիսին է հենց Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը, որտեղ մենք, ըստ էության, այնպիսի թռիչքային աճ ենք ունեցել տնտեսական, որը հիմա հետահայաց նույնիսկ շատ դժվար է պատկերացնել: Կարծում եմ, որ մեր հակառակորդները նույնպես սա արձանագրել են և, սա արձանագրելով, ռազմավարական խնդիր են դրել՝ շրջափակման մեջ պահել Հայաստանը, մեկուսացնել, և ինչ-որ առումով կարողացել են այդ խնդիրը լուծել: Չնայած այս օրակարգը իմանալով մենք մինչև հիմա ՀՀ-ն Իրանին կապող պատշաճ ճանապարհ չունենք:  Կարծում ենք նաև, որ մեզ համար գերակա խնդիր պետք է լինի կոմունիկացիոն ուղիների բացումը, Հայաստանի ապաշրջափակումը: Հիմա ընթանում են քննարկումներ նաև այդ առումով, և ես պատահական չէ, որ ասում եմ՝ կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակառուցողական դիրքորոշում ունենալ և ամեն ինչ կանի, ամենատարբեր հայտարարություններով անհեթեթ՝ մեր հանրության շրջանում վախեր սերմանելով, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա: Երկաթուղային կապն իր հետ շղթայական կբերի մեր հանքահումքային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման, մասնավորապես, պղնձաձուլարանի  և հետագա վերամշակման գործընթացի կազմակերպման: Մեր հաջորդ ռազմավարական ուղղությունը մեր անվտանգության ապահովումն է՝ Հայաստանի արտաքին անվտանգության, որի վերաբերյալ ես արդեն ասել եմ, որ անկյունաքարային նշանակություն ունի հայ-ռուսական համատեղ զորախումբը և հակաօդային պաշտպանության համակարգը: Այս պրոցեսի շարունակություն պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը, և ռազմավարական հեռանկարում ունենանք պրոֆեսիոնալ բանակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դրված ռազմավարական խնդիրներից է ժողովրդագրական վիճակի, կրթական որակի փոփոխությունը:

«Նախակրթարան, հանրակրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն պետք է շատ խորքային փոփոխությունների և բարեփոխումների ենթարկենք: Այս երեք սյուների վրա պետք է կառուցված լինի այն ապագան, որը մենք պատկերացնում ենք՝ անվտանգություն, արդյունաբերություն, կրթություն և գիտություն. մնացածը պետք է կառուցվի այս տրամաբանության շուրջ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կներկայանա «Ապագա կա» կարգախոսով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ