Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Աննա Կոստանյան 25.10.2023 - 17:01
25.10.2023 - 17:01 դիտում

Խորհրդարանը հոկտեմբերի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը քննարկման է ներկայացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նախատեսվում է՝ թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի Նախարարների Եվրոպական Կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ՝ ոչ առեւտրային փոխադրումների) իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված գործարար համբավի, ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները:

Նախաձեռնությամբ նաեւ սահմանվում են պահանջներ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնելու եւ մասնագիտական որակավորման վկայական ստանալու վերաբերյալ:

«Միաժամանակ մշակվել են գործընթացի վարչական պատասխանատվության միջոցները՝ պետական տուրքի դրույքաչափերը եւ մասնագիտական վերապատրաստման գործունեության ծանուցման կարգավորումները սահմանող օրենսդրական ակտերի փոփոխությունների նախագծերը»,- ընդգծել է Արմեն Սիմոնյանը:

Ըստ փոխնախարարի՝ առաջին ընթերցումից հետո իրականացվել են տեխնիկական փոփոխություններ:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է նաեւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումները եւ փոփոխությունները: Զեկուցողի խոսքով նախաձեռնության ընդունման արդյունքում Կառավարությանը կվերապահվի պետական շարժական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով հաստատելու լիազորություն, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ պետական շարժական գույքն էլեկտրոնային եղանակով հաշվառելու եւ գրանցամատյան վարելու իրավասություն:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:

Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն: Նախատեսվում է օրենքի 7.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրմամբ, որն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում վարչապետի որոշմամբ կսահմանվի ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ ԱԺ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազի միջնորդագիրն Ազգային ժողովը կարող է քննարկել նաեւ ԱԺ արտահերթ նիստում կամ նստաշրջանում:

Հասմիկ Հակոբյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել: Պատգամավորն ուսումնասիրել է շուրջ 30 երկրի փորձը, ինչից պարզ է դարձել, որ նման կարգավորում գործում է բազմաթիվ երկրներում:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ Կառավարության դիրքորոշումը դրական էր:

Նախագծի ընդունումը բխում է դատաիրավական բարեփոխումների՝ 2022-2026 թվականների ռազմավարությունից եւ պայմանավորված է դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ, բխում է դատավորների անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ Առաջին ատյանի դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից: Այս մասին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացվել է ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է հստակեցնել անձանց վարչական ձերբակալության ենթարկելու հիմքերը, դրանք դարձնելով գործնականում ավելի կիրառելի, մաքսային հսկողության գոտիներում սահմանել վարքագծի կանոններ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում մի քանի շտկող ու մասնավորեցնող փոփոխություններ են առաջարկվել, որոնք ընդունվել են:

Հարակից զեկույցը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ով հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս հեղինակ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել են մեկ տասնյակից ավելի առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունվել են:

Պատգամավորը հիշեցրել է՝ նախագծով ՀԸ-ները պետք է խորհուրդ ստեղծեն, որը չափիչ ընկերություն կընտրի ու հեռուստալսարանի չափում կիրականացնի:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել օրենքի նախագծին:

Կառավարության տեսակետը հայտնել է ԲՏԱ նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը: Նա նշել է, որ Կառավարությունն առարկություններ չունի նշված նախագծի մասով ու հորդորել կողմ քվեարկել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ