Ադրբեջանի և Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին. Քերոլայն Քոքս

Աննա Կոստանյան 24.04.2021 - 16:46
24.04.2021 - 16:46 դիտում

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը ապրիլի 24-ին ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Քերոլայն Քոքսը դիմել է ուղերձով:

«Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին, որովհետեւ դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում և շատ ծանր կորուստներ եք ունեցել դրա պատճառով:

Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետև մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա դրան նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, և մենք պայքարում ենք դրա համար: Մենք պետք է ճանաչենք նաև ցեղասպանության փորձը, որը արվեց 91-94-ին և 2020-ին: Ադրբեջանի և Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին:

Իմ երրորդ ու վերջին ուղերձը սերն է: Ես ու շատ շատերը Անգլիայում սիրում ենք Հայաստանն ու Արցախը: Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա՝ զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»,- եզրափակել է Քերոլայն Քոքսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ