Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 16.12.2021 - 11:19
16.12.2021 - 11:19 դիտում

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում էին երեք երկրների փոխվարչապետները:

Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանն արձանագրվեց այս ամենը: Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային՝ միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի ԻԻՀ և ՌԴ: Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ:

Եթե մեզ հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ, ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի:

Բայց այս ամենն ասում եմ հետևյալի համար, որ մենք պիտի սկսենք երկաթուղու շինարարությունը: Իհարկե, մինչև շինարարությունը մեծ աշխատանք կա անելու: Մեր մտադրությունն ու ցանկությունն է՝ օր առաջ ունենալ այդ երկաթուղին: Չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ էլ ուզում թերագնահատել: Սա մի կարևոր պայմանավորվածություն է, հույս ունեմ, որ այն ճշգրիտ ձևով կիրագործենք: Այն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը: Առաջիկայում պետք է կենտրոնանանք նաև այս խնդրի լուծման վրա»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շփումները կշարունակվեն:

«Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շփումները կշարունակենք՝ մեր օրակարգի հարցերի շուրջ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ, այսինքն՝ համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են»,- ասաց ՀՀ վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ