Ադրբեջանական կողմը խոչընդոտել է հայ ուխտավորի մուտքը Դադիվանք. ԱՀ ՄԻՊ

Գոհար Ստեփանյան 27.04.2021 - 23:38
27.04.2021 - 23:38 դիտում
Ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորի մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը։
Սրանով իսկ ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հայ հավատացյալները կարող են մուտք գործել և հոգևոր արարողություններ իրականացնել Դադիվանքի վանքում։
Հոգևոր-կրոնական իրավունքներն ու ազատություններն ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, որոնց խախտումը ոտնձգություն է մարդու արժանապատվության, նրա իրավունքների և ազատությունների դեմ։
Իրեն մշակութային և կրոնական բազմազանության երկիր հայտարարած Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում և ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժեքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրություններն ու հետքերը և արհեստականորեն խոչընդոտում հայ հավատացյալների մուտքը հոգևոր վայրեր։
Այս միջադեպի մասին ևս ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կտեղեկացնի միջազգային համապատասխան կառույցներին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ