Երեկ, փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը Հնաբերդ գյուղից 6 քաղաքացու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Արմենակ Եգոռյանը բենզինի պլաստամասե կիսադատարկ շիշը այրելու նպատակով գցել է տան վառարանի մեջ, ինչի հետևանքով վառարանի խցիկում պայթյուն է առաջացել, որի հետևանքով վնասվել է տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը, փեսան, դուստրը և թոռները դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվաքներ են ստացել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: