Շամպայն ու կոնյակ, 400 լիտր սպիրտ, դատարկ շշեր, պիտակներ, QR կոդեր. ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերվել

Աստղիկ Խաչատրյան 31.07.2025 - 21:09
31.07.2025 - 21:09 դիտում

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Մոսկովյան փողոցում գտնվող պահեստներում շշալցվում են ալկոհոլային կեղծ խմիչքներ: Ըստ տեղեկության`շշալցնողը դրանք նաև վաճառում էր Վանաձորի Շիրվանզադեի փողոցում գտնվող իր խանութում:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է: Պահեստներից մեկում իրավապահները հայտնաբերե են տարատեսակ խմիչքների հինգ հազարից ավելի դատարկ շիշ, շշալցման սարք, մեծ քանակի խցաններ ու պիտակներ, տարաներով 400 լիտր սպիրտ, 100 շիշ շամպայն ու կոնյակ: Մյուս երկու պահեստներում եղել են տարատեսակ օղիների, գինիների ու կոնյակների երկու հազարից ավելի շիշ:

Իրավապահներն այցելել են նաև Շիրվազանդեի փողոցում գտնվող խանութ: Այնտեղ եղել են «ՔյուԱռ» կոդեր, խցաններ, սպիրտով լցված տարաներ, իսկ ցուցափեղկին շարված է եղել պահեստներում հայտնաբերված կեղծ խմիչքների տեսականին:

Պահեստները տնօրինողը, նույն ինքը` խանութի տերը հայտնել է, որ իրավապահների հայտնաբերածը իրենն է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ