Մհեր Գրիգորյանը՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու տնտեսական օգուտի մասին

Աննա Կոստանյան 2.03.2022 - 17:42
2.03.2022 - 17:42 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին տնտեսապես ի՞նչ օգուտ կտա Հայաստանին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա և խորացված հաշվարկներ նոր պետք է իրականացվեն:

«Մենք պետք է հասկանանք այն ներդրումների ծավալը, որ պետք է ունենանք, վերջնական նախագիծը՝ իր բոլոր դետալներով, որ դետալիզացված ներդրումային հաշվարկ ունենանք, բայց ես ասեմ ինդիկատիվ թվերի մասին: Այսօր, այդ թվում օտարերկրյա փորձագետների հաշվարկով, այդ թևի վերականգման աշխատանքների մոտավոր արժեքը 226-230 մլն դոլար կկազմի, և տևողությունը կլինի մինչև 36 ամիս. մենք դա էլ ենք հաշվել ինդիկացիայի մեջ:

Այսօր եթե նայենք, թե ինչքան են բեռնափոխադրումները, ապա 3 մլն-ի միջին չափ ունենք առանց ապաշրջափակման, որից 2-ը ներքին բեռնափոխադրումներն են: Եթե մենք այսօր տեսնենք ՀԿԵ-ի հարկային մուտքերը, ապա դրանք վերջին 3 տարվա ընթացքում կազմում են միջինում շուրջ 4.7 մլրդ տարեկան: Եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը, նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին մենք գալիս ենք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության, որը վատ եկամտաբերություն չէ, առանց հարակից, առանց մուլտիպլիկատիվ էֆեկտները հաշվելու: Սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ և իրականացնել ավելի խորացված հաշվարկներ և իրականացնել նախագիծ, որի արդյունքում, բնականաբար, թվերը կճշգրտվեն, բայց ես բացարձակ վստահություն ունեմ, որ նախաձեռնության եկամտաբերության հետ կապված մեզ համար ավելի պոզիտիվ տվյալներ կստանանք ու ավելի լավ եկամտաբերություն կլինի»,- ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ խորհրդակցում են փորձագետների հետ:

«Միայն փորձագետներն են ի վիճակի ասել, թե լոգիստիկ քարտեզի մեջ ինչ արագ և ինչ ծավալներով հոսքերը կադապտացվեն, մեզ ասում են, որ կադապտացվեն: Ես հակված եմ լսելու այդ փորձագետներին, և կարծում եմ, որ այդ փորձագիտական եզրակացությունները հիմք են հանդիսանում, որ մենք պոզիտիվ վերաբերվենք և հայտարարենք, որ այդ ենթակառուցվածքը շատ մեծ ներուժ ունի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ