Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Դրանում ընդգրկվել են, մասնավորապես, օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան, որին անվանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը, և ՌԴ նախագահի նախկին կինը՝ Լյուդմիլան, որն այժմ կրում է Օչերետնայա ազգանունը։
Ինչպես նշում է svoboda.org-ը, ընդհանուր առմամբ, ուրբաթ պատժամիջոցների ցուցակում ավելացվել է 12 մարդ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի հարազատները կամ մարդիկ, որոնց բրիտանական իշխանությունները համարում են նրա «մերձավոր շրջապատի» մաս։
Նրանց թվում է Ալինա Կաբաևայի տատիկը՝ Աննա Զացեպիլինան, որին անվանում են Պուտինի ընկեր Գենադի Տիմչենկոյի բիզնես գործընկերը։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նախագահի հարազատների՝ գործարարներ Իգոր Պուտինի, Ռոման Պուտինի և Միխայիլ Պուտինի նկատմամբ:
Կաբաևան պաշտոնապես ցանկում ներառվել է որպես Ազգային մեդիա խմբի գործադիր տնօրեն։ Այս խմբում ընդգրկված լրատվամիջոցները (այդ թվում՝ Առաջին ալիքը), ըստ բրիտանական իշխանությունների, նպաստում են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը։
Տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով աղբյուրներին, մի քանի տարի է՝ գրում են Կաբաևայի մասին՝ որպես Պուտինի մտերիմ ընկերուհի և նույնիսկ պնդում են, որ նա նրա երեխաների մայրն է։ Շվեյցարական SonntagsZeitung թերթը, մասնավորապես, պնդել է, որ Կաբաևան երկու որդի է ունեցել 2015 և 2019 թվականներին և Պուտինին անվանել է որպես ենթադրյալ հայր։ Կրեմլը ոչ հաստատել, ոչ հերքել է այդ լուրերը։