ՀՀ-ն հետամուտ է լինելու պատերազմական հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու. ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 22.05.2021 - 19:30
22.05.2021 - 19:30 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունումը.

ՀՀ-ն հետամուտ է լինելու պատերազմական հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու. ԱԳՆ

ՀՀ-ն հետամուտ է լինելու պատերազմական հանցագործություններն իրագործողներին
միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու. ԱԳՆ 17:53, 22 Մայիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է.

ԳՈՎԱԶԴ00:00Իմանալ ավելին

Scroll Down
«Եվրոպական խորհրդարանը մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև, որում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հակամարտության և տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին:

Բանաձևում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո: Հասցեական կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը` տրամադրելու պատանդառության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, ինչպես նաև տեղեկատվություն՝ նրանց առողջական վիճակի և գերության մեջ մահացածների մասին:

Միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվում առ այն, որ համաձայն արժանահավատ զեկույցների՝ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում գտնվող անձինք պահվում են նվաստացուցիչ պայմաններում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, և այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է խոշտանգումների և բռնի անհետացման բոլոր դեպքերը:

Բանաձևում նաև կոչ է արվում ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ իրադրության սրմանն ուղղված գործողություններից և դատապարտելի է համարվում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը՝ պնդելով, որ այն պետք է անհապաղ փակվի:

Ընդգծվում է կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու և արցախահայության անվտանգությունն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը:

Ամրագրվում է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ուղղված լինի Արցախի ապագա կարգավիճակի որոշմանը:

ԼՂ հակամարտության, այդ թվում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ արձանագրումները խիստ կարևոր են: Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված խախտումները հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, և Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելուն:

Եվրոպական խորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում:

Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ