«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» «Ֆեյսբուք»-ի էջը:
«Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: