Լիբանանում օդանավ է ընկել։ Այս մասին հայտնում է «Արևելք»-ը՝ հղում անելով Բեյրութի իր աղբյուրներին։ Հաղորդվում է նաև զոհերի մասին, որոնց թվում կա հայ։
«Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ արկածին հետեւանքով զոհուած են անձեր, որոնցմէ մին ազգութեամբ հայ է։
Կը նշուի, որ արկածը եղած է Լիբանանի Ղոսթա լեռնային շրջանին մէջ, եւ օդանաւը (որ կը պատկանի Open Sky Aviation ընկերութեան եւ նախատեսուած է ներքին փոքր թռիչքներու) բախած է լերան մը, որուն հետեւանքով ալ ինկած է եւ օդանաւուն վրայ եղող ուղեւորները տեղւոյն վրայ մահացած են։
Դէպքի վայր հասած են «Քաղաքացիական պաշտպանութեան» մարմնի անդամներ եւ բացուած է հետաքննութիւն։
Աւելի ուշ եւ յենուելով մեր աղբիւրի տեղեկութիւններուն պիտի ներկայացնենք զոհուած հայորդիին անունը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Ավելի ուշ «Արևելք»-ը հայտնել է, որ Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայազգի Ջորջ Շիրիկջյանն էր։
Փոքր ուսումնավարժական ինքնաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի օրը՝ Լիբանանում՝ Բեյրութից 10 կիլոմետր հյուսիս գտնվող Գոստ քաղաքի մոտակայքում: