Telegram-ը գնալով դառնում է գործիք ահաբեկիչների ձեռքում, Պավել Դուրովը պետք է ավելի ուշադիր լինի. Կրեմլ

Աննա Կոստանյան 28.03.2024 - 15:07
28.03.2024 - 15:07 դիտում

Կրեմլը կոչ է արել Telegram հաղորդակցային հավելվածի ստեղծող, ընկերության ղեկավար Պավել Դուրովին ավելի ուշադիր հետևել հավելվածին, քանի որ այն հաճախ օգտագործվում է ահաբեկչական նպատակներով:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Shot թելեգրամյան ալիքի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի տարածքում Telegram-ի արգելափակման ծրագրեր չկան, սակայն այն փաստը, որ մեսենջերը հաճախ օգտագործվում է ահաբեկիչների կողմից տեղեկատվության փոխանակման համար, պահանջում է նաև Պավել Դուրովի ուշադրությունը։

«Մենք ավելի մեծ ուշադրություն ենք ակնկալում Պավել Դուրովից, քանի որ տեխնոլոգիական տեսանկյունից այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսը, որն աճել է մեր սերնդի աչքի առաջ, գնալով դառնում է գործիք ահաբեկիչների ձեռքում՝ օգտագործվելով ահաբեկչական նպատակներով», – ասել է Պեսկովը:

Նշենք, որ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարած անձինք հավաքագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական թևի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով:

Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրը՝ մանրամասնելով, որ ալիքն արդեն ջնջվել է:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 143 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ