«Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանին ներառելը վրիպակ է եղել․ Պենտագոն

8.04.2023 - 17:42 դիտում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը ներառվել «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում, իսկ որոշ ժամանակ անց հեռացվել այդ ցանկից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանը։

«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում մեկնարկող «Defender 23» անունը կրող զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժություններին մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը, սակայն ժամեր անց հաղորդագրության թարմացված տարբերակում Հայաստանի անունը հեռացվել է մասնակից երկրների շարքից:

Թեմայի վերաբերյալ ապրիլի 8-ին «Արմենպրես»-ին պարզաբանում էին տվել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հայտնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ