Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։
Օրինագծով կարգավորման ենթակա ոլորտն առնչվում է ՀՀ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ Կառավարության անդամների կողմից իրենց լիազորությունները ստանձնելիս տրվող երդման տեքստի բովանդակությանը։
Առաջարկվող երդման տեքստում օգտագործված հասկացություններն ընտրվել են՝ արտացոլելու համար Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը, ժողովրդավարական կառավարման սկզբունքները և Կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը։ Նախագծի կարգավորման նպատակն է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը՝ դրանում առավել հստակ արտացոլելով պետականության ամրապնդման, հանրային և պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև ՀՀ զարգացմանն ու հարատևությանն ուղղված արժեքները։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ Կառավարության անդամների կողմից տրվող երդումն ավելի ամբողջական կերպով կարտացոլի նրանց կողմից պաշտոնի ստանձնման հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում ընկած հիմնարար արժեքները։
